Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հանգստյան տանը, նոյեմբերի 17-ին, տեղի է ունեցել սպանություն: Ժամը 22:40-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած վնասվածքներով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Հիվանդանոց մեկնած իրավապահների կողմից պարզվել է, որ երիտասարդ աղջիկը ազգությամբ ռուս, 29-ամյա Ինգա Շիշլոն է: Վերջինս, ժամը 21:30-ի սահմաններում, «Անահիտ» հանգստյան տան պահակակետում վիճաբանել է հանգստյան տան գիշերապահակի` 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանի հետ:
Վիճաբանության ընթացքում պահակը հարվածներ է հասցրել աղջկա գլխին, որն էլ, հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
Նախնական տվյալների համաձայն, պահակի եւ 29-ամյա աղջկա միջեւ սիրային կապ է եղել: Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի /սպանություն/ հատկանիշներով: Արշավիր Դեմիրխանյանը ձերբակալված է:




























