Հունվարի 21-ին Երեւանում վիրահատվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Ռոբերտ Զեբելյանը: Միջողնային ճողվածքի վիրահատությունը հաջող է անցել, եւ ֆուտբոլիստը վերականգնման է մեկնել հայրենի Սոչի: Զեբելյանը Հայաստանի հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի հետ երեւանյան խաղում: 2011թ. հուլիսից նա հանդես է գալիս Ղազախստանի «Տոբոլում»: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Զեբելյանի հետ:

Ռոբերտ, երբեւէ կմտածեի՞ր, որ կհայտվես Ղազախստանում:

Անկեղծ ասած, եթե երկու տարի առաջ ասեին, որ կխաղամ Ղազախստանում` չէի հավատա: Բայց հայտնվելով այնտեղ` պատկերացումներս այդ երկրի մասին փոխվեցին: Ղազախստանում շատ լավ, հասարակ, շփվող մարդիկ են: Ես ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Տոբոլում»: 1,5 տարվա պայմանագիր ունեմ եւ առնվազն մեկ տարի էլ կխաղամ այնտեղ: «Տոբոլը» 2010թ. Ղազախստանի չեմպիոնն է: Ամեն ինչ արվում է ֆուտբոլի զարգացման համար: Կուստանայի ստադիոնն ամենահաճախվողներից է: Ութ տարի «Տոբոլը» եղել է առաջատարների մեջ մինչեւ դարձել է չեմպիոն: Մարդիկ սիրում են ֆուտբոլ:

Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:

Գլխավորը առողջությունս է: Վերականգնվելուց հետո կխաղամ Ղազախստանում մինչեւ պայմանագիրս ավարտվի, հետո կտեսնենք: Ցանկություն կա վերադառնալ Ռուսաստան: Կյանքը ցույց կտա, թե որ թիմում կհայտնվեմ:

Վնասվածքը ստացել ես «Տոբոլո՞ւմ»:

Ոչ, վնասվածքը 2008-ից է: Ես բուժվեցի Գերմանիայում եւ մեկ տարի օգնեց: Այնուհետեւ բուժվել եմ Սոչիում: «Տոբոլի» հավաքի ժամանակ ուժեղ հարված ստացա եւ հասկացա, որ չեմ կարող խաղալ: Ռոման Բերեզովսկին ու Գիա Միկաձեն նույն վիրահատությունն էին արել Երեւանում եւ կարճ վերականգնողական փուլից հետո կարողացել են վերադառնալ խաղադաշտ: Նրանց հետ խորհրդակցելուց հետո որոշեցի վիրահատվել Երեւանում:

Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի մասին:

Վերջին անգամ ինձ հրավիրել են Ռուսաստանի հետ երեւանյան խաղից առաջ: Ես հետեւել եմ մեր թիմի ելույթներին: Շատ ուրախ եմ մեր թիմի ցուցադրած խաղի համար: Հույզերս խեղդում էին հավաքականի հանդիպումների ժամանակ: Կարեւորն այն է, որ բոլորին դուր եկավ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը:

Ի՞նչ ես մտածում հավաքական վերադառնալու մասին:

Իմ գործը խաղալն է: Ես պետք է իմ խաղով ապացուցեմ, որ արժանի եմ խաղալ այսպիսի թիմում: Ցանկություն կա, եւ այն մեծ է: Տա աստված առողջություն լինի` ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դարձյալ գրավեմ մարզիչների ուշադրությունը եւ շատ ուրախ կլինեմ, եթե հրավեր ստանամ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը