Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նմանությամբ Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցման հիպոթեզը, որն առաջ էր քաշվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանեւսկին:  Նրա խոսքով` այս առումով Հայաստանի հնչեցրած դիրքորոշումը դրական պետք է դիտել:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում հնարավոր փոխզիջում չի քննարկվում: Ադրբեջանը ներկայիս 7 մլն դոլարի փոխարեն որոշել է 300 մլն դոլար պահանջել: Ենթադրում եմ, տվյալ պարագայում տարբերության մասին խոսելն ուղղակի ավելորդ է»,-նկատեց Ստանեւսկին:

Փորձագետի կարծիքով` ցանկացած դեպքում եթե Մոսկվայի եւ Բաքվի միջեւ փոխզիջում գտնվի, Ռուսաստանի համար դա լավ կլինի, իսկ եթե ոչ` ապա ժամանակը կգա քննարկելու հայկական կողմի առաջարկությունը: «Պետք չէ մոռանալ,  որ ռազմատեխնիկական տեսանկյունից Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցման դեպքում Ռուսաստանը  եւս կշահի»,-նշեց փորձագետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Ադբրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նման կառույցի շինարարության հարցը:

«Ինչո՞ւ ոչ»,-ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե «Եթե Ռուսաստանը եւ Ադրբեջանը չպայմանավորվեն Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման հարցի շուրջ, կա՞ արդյոք տարբերակ, որ Հայաստանը հավանություն կտա իր տարածքում նման կայանի կառուցմանը»:

«Եթե մեր տարածքը այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,-հայտարարել է նա` հավելելով, որ այդ առումով Հայաստանը կարող է առավելություններ ունենալ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: