Ռեալ չէ, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքում ռադիոլոկացիոն կայան կառուցի, պարզապես ռուսական կողմը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ադրբեջանական Faktxeber.com կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Ադբրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նման կառույցի շինարարության հարցը:

Փորձագետի համոզմամբ, Ռուսաստանի կողմից Հայաստանում նոր ռադիոլոկացիոն կայանի կառուցումը ռեալ չէ: «Դա մեզ վրա ճնշում գործադրելու միջոց է, դա չի կարող տեղի ունենալ: Ռուսաստանը ամենից շատ շահագրգռված է, որ ռադիոլոկացիոն կայանը կառուցվի Ադրբեջանում»,-ասել է նա:

Ջաֆարովը նաեւ նշել է, որ եթե անգամ ռադիոլոկացիոն կայանը Գաբալայում չլինի, իրենք դրանից կշահեն, քանի որ Գաբալան կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն եւ հսկայական եկամուտներ ունենալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության համար պահանջել են 300 միլիոն դոլար` 7 միլիոնի փոխարեն, իսկ ադրբեջանական կողմն ամենեւին չի ցանկանում որեւէ զիջման գնալ այդ հարցում: ՌԴ պաշտպանական գերատեսչությունում այս գինը նորմալ չեն համարել եւ սպառնացել են, որ կլքեն կայանը: