Հարավաֆրիկյան Մալավի պետության նախագահ Բինգու վա Մուտարիկան վախճանվել է ապրիլի 6-ի գիշերը սրտի կաթվածի հետեւանքով, հայտնում են երկրի իշխանությունները:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ վա Մութարիքան սրտի կաթվածով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Մալավիի փոխնախագահ Ջոյս Բանդան, ըստ երկրի սահմանադրության ,պետք է պետության գլուխ կանգնի նախագահ Բինգու վա Մուտարիկայի մահից հետո: Սակայն, իրադրությունը բարդանում է նրանով, որ 2010 թվականին Ջ. Բանդան հեռացվել էր Մալավիի կոնգրեսի իշխող կուսակցությունից, հայտնում է «Օբոզրեւատելը»:
Վա Մուտարիկան երկրի նախագահ էր ընտրվել երկրորդ ժամկետով` 2009 թվականի մայիսին:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ն ավելի վաղ, վա Մուտարիկայի կառավարության ընթացքում երկրում երեք տարի շարունակ նկատվել է ՀՆԱ-ի աճ, որը գերազանցում է 7%-ը: Ըստ ազդեցիկ Economist Intelligence Unit գործակալության տվյալների` 2009 թվականին Մալավին աշխարհում զբաղեցրել է տնտեսական զարգացման տեմպով երկրորդ տեղը` զիջելով միայն Քաթարին: Սակայն արդեն 2011 թվականի հուլիսին երկրում անկարգություններ են բռնկվել: Իշխանությունները բողոքողներին ցրելու համար դիմել էին բանակի օգնությանը, մի քանի օրվա անկարգությունների ընթացքում երկրում զոհվել էր շուրջ 20 մարդ:
Վա Մուտարիկան լայն ճանաչում լրատվամիջոցներում ստացել է 2005 թվականի գարնանը, երբ նա խուճապահար լքել էր շքեղ նախագահական պալատը` հրապարակայնորեն հայտարարելով, որ շենքում ուրվականներ կան: Դրանից հետո ուրվականների դեմ պայքարի համար ներգրավվել են երկրի բոլոր հոգեւոր կրոնների կրոնավորները: Մալավիի ղեկավարը նաեւ պնդել է, որ գիշերն իր մարմնի վրայով կրծողներ են անցնում:




























