Հայաստանում HSBC բանկը ֆինանսական տարին շահույթով կփակի։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց «HSBC Հայաստան» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը՝ ավելացնելով, որ ճգնաժամը ազդել է բանկի եկամուտների վրա, բայց այնուամենայնիվ բանկը նախատեսում է տարին դրական ցուցանիշով փակել։ Ըստ նրա՝ բանկը ամբողջությամբ չի դադարեցրել վարկավորման ծրագրերը, վարկի տրամադրման պայմանները նույնն են մնացել։ Բանկը վերսկսել է դրամով վարկավորումը կրեդիտ քարտերով, եւ սկսել է հիփոթեքային հիմնադրամի միջոցով բնակարանների գնման վարկավորումը։ «Հիփոթեքային վարկի նկատմամբ մարդիկ սկսել են զգուշավորություն դրսեւորել եւ քիչ են վերցնում վարկի այս տեսակը»,- նշեց բանկի տնօրենը՝ վստահեցնելով, որ բանկը պատրաստ է վարկավորել ավելի շատ հաճախորդների։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե HSBC-ի բանկի Դուբայում ունեցած ֆինանսական խնդիրները հնարավոր է անդրադարձ ունենա հայաստանյան մասնաճյուղի վրա, Թիմ Սլեյթերը նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններում HSBC-ի խնդիրները ժամանակավոր են։

Տեղեկացնենք, որ HSBC-ի բանկը խնդիրներ ունի Dubai World ներդրումային հիմնադրամից միջոցների վերադարձման հետ կապված։ Dubai World-ը բրիտանական մի քանի բանկերի հսկայական պարտքեր է կուտակել։ Միայն HSBC-իին Dubai World-ը պարտք է 17 մլրդ դոլար, որն այժմ չի կարողանում վերադարձնել։ Թիմ Սլեյթերի խոսքով՝ HSBC-ի համար Դուբայը մեծ շուկա է, եւ այդ անհաջողությունը դեր չի խաղա հետագա ներդրումային ծրագրերի համար։ «Հայաստանը ճգնաժամից ամենաշատ տուժած երկրներից է, բայց մենք շարունակում ենք ներդրումներ կատարել, այնպես որ Դուբայից եւս չենք պատրաստվում հրաժարվել»,-ասաց Սլեյթերը՝ նկատելով, որ հաջորդ տարի Հայաստանում նախատեսում են նոր ծառայություն սկսել։ Կտեղադրվեն կանխիկ գումարով դեպոզիտ վերցնող սարքեր, եւ ավելի կկատարելագործվի ինտերնետային բանկային համակարգը։