Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը կմասնակցեն նաեւ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Գերհարդ Շրյոդերը: Ինչպես «Կոմերսանտ» թերթին հաղորդել է նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը, նրանցից արդեն ռուսական  մայրաքաղաք ժամանելու հաստատումն ստացվել է:

Խմբագրությունը նշում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Ս. Բեռլուսկոնին եւ Գերմանիայի նախկին կանցլեր Գ. Շրյոդերը Վ.  Պուտինի վաղեմի ընկերներն են: Իտալիայի եւ ԳԴՀ-ի առաջնորդներ եղած տարիներին նրանք բազմիցս համաշխարհային ասպարեզում աջակցել են Ռուսաստանին: Քաղաքական գործիչների բարեկամական հարաբերությունները նաեւ շարունակվել են այն բանից հետո, երբ Գ. Շրյոդերը եւ Ս. Բեռլուսկոնին մեծ քաղաքականությունից հեռացել են:

Ինչպես նշում է «Կոմերսանտը», Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը հետխորհրդային տարածքում ՌԴ-ի ամենամոտ գործընկերներն են: Մինսկի եւ Աստանայի հետ Մոսկվան ստեղծում է Պուտինի մտահղացած տնտեսական միությունը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետաքրքրությունը մի փոքր այլ բնույթ է կրում. Կրեմլը դեռեւս հույս ունի հարեւան Ուկրաինային ընդգրկել իր ինտեգրացիոն նախագծերում, սակայն Կիեւն առայժմ համառում է: