Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարանը կգործարկվի հաջորդ տարվա մայիսին։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ նշեց գործարանի տնօրեն Էդուարդ Սարգսյանը՝ ավելացնելով, որ գործարանն այժմ էլ կարող է գործարկվել, բայց գործարանի կառուցման պատասխանատու ռուսական կողմի խորհրդով գործարկման ժամկետը տեղափոխվել է հաջորդ տարվա գարուն։ «Գործարկումից առաջ ջրով կարգավորման աշխատանք պետք է արվի, եւ ձմռանը հնարավոր անցանկալի երեւույթներից խուսափելու համար որոշեցինք հետաձգել»,- ասաց տնօրենը։
Ըստ նրա՝ գործարանը շաքարի 40 տոկոսն արտադրելու է տեղական ճակնդեղի հումքով, իսկ 60 տոկոսը ներկրվող հարավամերիկյանով։ Ընդ որում՝ գործարկումը կսկսվի ներկրվողով, որովհետեւ տեղական ճակնդեղ գնելու պայմանագրերը գյուղատնտեսների հետ այս տարի են կնքվում։ Շաքարի գործարանի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ չեն ամբողջությամբ տեղական ճակնդեղով գործարանն աշխատեցնում, նշեց, որ գործարանի արտադրական հնարավորությունները չափազան մեծ են, եւ տարածքի հողերը չեն բավականացնում համապատասխան քանակությամբ ճակնդեղ աճեցնելու համար։
Գործարանի տնօրեն Է. Սարգսյանը, խոսելով գործարանի գործարկումից հետո շաքարի գնի հնարավոր փոփոխությունների մասին, նշեց, որ գնային փոփոխություններ կլինեն, քանի որ արտադրանքը տեղական է լինելու։ «Շաքարի մեկ տոննայի գինը մոտ 40 դոլարով էժան կլինի բորսայում ձեւավորված գնից»,- ասաց շաքարի գործարանի տնօրենը։ Ըստ նրա՝ նորակառույց գործարանի արտադրական հզորությունները կգերազանցի Հայաստանի սպառման հնարավորությունները 2,5 անգամ։ «Նախատեսում ենք շաքար արտահանել Վրաստան, Իրան, Ռուսաստան»,- նշեց տնօրենը՝ ավելացնելով, որ շաքարի որակային չափանիշները համապատասխանելու են եվրոպական պահանջներին եւ արտահանման խնդիրներ չեն ունենա։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ տեղեկացրեց, որ գործարանի ամբողջական հզորությունը տարեկան մոտ 220 հազար տոննա է։ Գործարանում կլինի մոտ 1000 աշխատատեղ, իսկ շաքարի ճակնդեղի մշակումը 300 հազար տոննա հասցնելու դեպքում այն 20 հազար մարդու զբաղվածություն կապահովի։ Ըստ նրա՝ առաջիկա տարիներին աճեցվող ճակնդեղի քանակությունը կբավարարի միայն 10-15 հազար տոննա շաքարի արտադրության համար, բայց նախարարությունը նախատեսում է վերականգնել ճակնդեղի մշակության հզորությունները Շիրակի մարզում։



























