Հայաստանի ոստիկանությունը հաստատել է, որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից մեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա բացատրություն է գրել եւ ազատ արձակվել: Ոստիկանությունը նաեւ պարզում է հանգամանքները: ԿԳՆ-ից էլ հայտնեցին, որ ուսանողին ազատ են արձակել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, համալսարանի երրորդ կուրսի քաղաքագիտական բաժնի ուսանող, «Հրապարակ» թերթի աշխատակից Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել Բրյուսովի համալսարանի մոտից` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ընթացքում:

Նշենք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր` ապրիլի 19-ին, այցելել է Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարան` հանդիպելու ուսանողների հետ եւ քննարկելու բուհի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախապես որոշվել է, որ ուսանողների հետ հանդիպումը կայանալու է համալսարանի դահլիճում: Այդ առաջարկը, որ արել էր բուհի ուսխորհուրդը, զայրացրել է համալսարանի մյուս ուսանողներին, ովքեր դրսում վանկարկել են «Զոլյան», «Աշոտյան իջիր» կարգախոսները:

ԿԳ նախարարը ստիպված է եղել իջնել ցած եւ բացօթյա պատասխանել ուսանողների հարցերին:

Հանդիպման ընթացքում նախարարը հայտարարել է, թե մտադիր չէ Սուրեն Զոլյանին վերադարձնել ռեկտորի պաշտոնին, եւ ի պատասխան մի քանի հարյուր ուսանողները վանկարկել են «Ամոթ, ամոթ»: ԿԳ նախարարի խոսքով, մի շարք ուսանողներ ցանկանում են միտումնավոր քաղաքականացնել եւ արհեստականորեն սրել բուհի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել էին:

Այդ որոշումը հարուցել էր մի շարք ուսանողների բողոքը, եւ նրանք երեկ բողոքի ակցիա էին անցկացրել ԿԳՆ-ի եւ կառավարության մոտ: