Այս տարի խաղողի մթերման միջին գինը կազմել է 115,5 դրամ՝ մեկ կիլոգրամի համար: Այս մասին դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ավելացնելով, որ նախորդ տարի մթերման միջին գինը կազմել է 140 դրամ: «Պայմանագիր կնքած տնտեսություններից մթերումը կատարվել է 130 դրամով, իսկ առանց պայմանագրի մթերումները կատարվել են 70 դրամ եւ դրանից բարձր գնով»,- նշեց փոխնախարարը` հավաստիացնելով, որ վճարումները կատարվել են 95 տոկոսով: Նրա խոսքով` այս տարի «Պեռնո-Ռիկար» ընկերությունը մթերել է 32 հազար տոննա, «Նոյ» ընկերությունը 20 հազար, «ՄԱՊ» ընկերությունը 8 հազար տոննա խաղող: Փոխնախարարը հավաստիացրեց, որ այս տարի մթերման խնդիրներ չեն եղել:
Նրա խոսքով` այս տարի բարձր են նաեւ արտահանման ցուցանիշները: Այս տարի Հայաստանից 13 հազար 750 տոննա ծիրան է արտահանվել. նախորդ տարի այդ ցուցանիշը 7517 տոննա է եղել: Արտահանվել է 3400 տոննա խաղող՝ նախորդ տարվա 3014 տոննայի դիմաց: «Բոլոր մրգերի արտահանման ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշներից բարձր են, բացի սալորի ցուցանիշից, որովհետեւ այս տարվա գարնանը սալորի բերքը ցրտահարվեց»,- նշեց Ս. Գալստյանը: Ըստ փոխնախարարի` համայնքներում միրգը պահպանելու եւ ձմռանը բարձր գներով վաճառելու կամ արտահանելու նպատակով բազմաթիվ տնտեսություններ սառնարաններ են տեղադրել: Նրա խոսքով, սառնարաններում պահպանվող մրգի զգալի մասը արտահանվում է Ռուսաստան, եւ այս եղանակով իրացումից գյուղացիներն ավելի շատ եկամուտ են ստանում:



























