ԵՊԼՀ-ի շենքի վաճառքի ծրագիր չկա, այդ մասին ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սպասենք, որ վարչապետն էլ դա հաստատի: Այդ մասին այսօր` ապրիլի 20-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի՝ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց  բուհի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, Զոլյանին ուսանողները դիմավորեցին բուռն ծափողջյուններով:

Ուսանողների այն հարցին, թե  ճի՞շտ է, որ մտադրություն կա լուծարել ԵՊԼՀ–ն, ինչի մասին գրում է մամուլը, Զոլյանն ասաց. «ԿԳ նախարարն ասում է, որ այդպիսի ծրագիր չկա։ Եկեք այս պահին, գոնե, հավատանք նրան, բայց սպասենք, որ վարչապետն էլ դա հաստատի»:

Այն հարցին, թե երբ կսկսվի դատական գործընթացը` Զոլյանը պատասխանեց, որ ինքը եւս անտեղյակ է: Միաժամանակ նա նշեց, որ փորձ է արվում այս ամենը քաղաքականացնել, ինչին ուսանողներն արձագանքեցին` «սո՛ւտ է»:

«Այդ հարցը դուք պետք է լուծեք, որպեսզի որոշ ուժեր չշահարկեն: Կրթությունը քաղաքականությունից դուրս է եւ ես խնդրում եմ, այս ամենը լինի բուհի ներսում, մենք բոլորս բրյուսովական ենք եւ ոչ կուսակցական: Ցանկանում են ինչ-որ պիտակներ կպցնել: Եթե ուզում են պաշտպանել կամ քննադատել, թող գնան գտնեն համապատասխան մարդկանց, մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանել եւ ուրիշի պաշտպանությանը այս պահին չենք դիմելու»,- ասաց Զոլյանը` հորդորելով  ուսանողներին ուշադրություն չդարձնել եւ բուհում մնալ որպես «բրյուսովցի»:

Նա նաեւ զգուշացրեց՝ ուսանողները չպետք է թույլ տան, որպեզի բուհ ներխուժեն «ուժային պաշտպանները»:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետեւում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը: Բացի այդ, թեեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, սակայն այդ գործարքի մասին նոր բացահայտումներ  կան: Համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքում հյուրանոց բացել: