Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավը: Ինչպես Գյումրիից հաղորդում է NEWS.am-ին տեղի թղթակիցը, քարոզարշավին ներկա են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հակոբյանը, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից` Ալեքսանդր Արզումանյանը:

Գյումրեցիների հետ հանդիպումն ընթանում է անձրեւի տակ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ նույնիսկ անձրեւայի եղանակը չի կարող իրենց եւ իրենց քարոզարշավին խանգարել: Նա կոչ է արել գյումրեցիներին ընտրություններին մասնակցել ազատ, իրենց խղճի մտոք եւ իրենց կամքով, նաեւ չխաբնվել որեւէ մի ընտրակաշառքի, որեւէ մեկի ասածի եւ այս կամ այն ծառայությունների մատուցման խոստումների:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում գյումրեցիներին կոչ է արել, որպեսզի երբեւէ չվախենան, նշելով, որ Գյումրիից պետք է վերացնել վախի մթնոլորտը:

«Ազատ դեմոկրատներ»  կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ նշել է, որ ինքը զարմանում է, որ Գյումրին դեռեւս համարվում է  աղետի գոտի: «Գալիս  ու կաշառք են առաջարկում: Ամոթ է, որ արդեն 22 տարի է Գյումրին աղետի գոտի է կոչվում: Գյումրեցի մանուկները պայծառ դեմքով նայում են այսօր մեզ, բայց 5 տարի հետո նրանք մեզ ինչ են հարցնելու: Սա է Ձեր ընտրությունը ու Դուք էլ, հավանաբար, կկանգնենք ու այդ երեխաներին կասեք, որ մուրաբան վերցրել իրենց ենք ընտրել»,- ընդգծել է Ալեքսանդր Արզումանյանը:

Հանդիպումն այս պահին շարունակվում է: