Գարեգին Բ Կաթողիկոսն, այսօր` ապրիլի 20-ին, ընդունել է Գրողների միության վեցերորդ համագումարի մասնակիցներին:

Հանդիպման սկզբում գրողների անունից Գարեգին Բ-ին ողջունել է ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ապա ներկայացրել համագումարի առիթով աշխարհի 20 երկրներից Հայրենիք ժամանած հայորդիներին եւ օտարազգի հյուրերին, անդրադարձավ համագումարի նպատակներին եւ կարեւորությանը:

Այնուհետեւ Գարեգին Բ-ն ուրախություն հայտնելով շուրջ 70 գրողների Մայր աթոռ այցի առիթով, կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի գրողների համախմբումը Հայրենիքում, ինչը հնարավորություն է ընձեռում  գրական ասպարեզից ներս քննարկել զանազան խնդիրներ, ինչպես նաեւ վեր հանել հայ կյանքը հուզող բազմաբնույթ հարցեր:

Նա նշել է, որ հայ ժողովուրդն այսօր ակնկալում է իր գրողից, որ արծարծվեն ազգային կյանքին վերաբերող խնդիրներ, նրա գրչի շնորհիվ տեսանելի դառնա ապագայի տեսիլքը եւ ուղենշվի դեպի գալիք առաջնորդող ճշմարիտ ճանապարհը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց նաեւ, որ այսօր դժվարին առաքելություն է բաժին ընկել հայ գրողին` ժողովրդին պահելու ազգային արժեքների շավիղներում, նոր խոսքով եւ նոր մտածողությամբ նրան մատուցելու եւ փոխանցելու մեր հայրերի սրբազան ժառանգությունը: Գարեգին Բ-ն հորդորել է ներկաներին նոր եռանդով գրիչն ի գործ դնել` հայ ժողովրդի արդար դատը պաշտպանելու համար:

Այնուհետեւ Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ՀՀ Գրողների միության վարչությանը եւ միության նախագահին` բոլոր այն ձեռնարկումների համար, որոնց շնորհիվ աշխարհասփյուռ հայ գրողները կարողանում են մեկտեղել իրենց ջանքերը` արդի կյանքի մարտահրավերների հաղթահարման համար:

Հանդիպման վերջում Գարեգին Բ-ն պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ եկեղեցու թեմական կյանքին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գործունեությանը կրթական ու սոցիալական ոլորտներում, սփյուռքի տարբեր համայնքներում Հայ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերին` ի պահպանություն հայ ինքնության: