Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանի եւ վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանի գործով դեռեւս ձերբակալվածներ չկան: Նաեւ դեռ հայտնի չէ, թե մահացած եւ վիրավորված զինվորները տուժել են հակառակորդի՞ գնդակից, թե՞ զորամասի ծառայողների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Լենտուշ  Գրիգորյանը, ով Բագրատաշեն գյուղի բնակիչ է, սակայն Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը:

Այդուհանդերձ, NEWS.am-ը զրուցեց նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի գյուղապետ Արկադի Մակյանի հետ, ով ասաց, որ Լենտուշ Գրիգորյանը ճիշտ է իրենց գյուղից է, բայց տեղեկություններ չունի վերջինս ձերբակալված է, թե` ոչ: Ավելին, Նա մարդ գործուղեց նրանց տուն եւ պարզվեց, որ տանը ոչ ոք չկար:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ ասաց, որ դեռ իրենք էլ չգիտեն, թե զինվորն սպանվել է հակառակորդի՞ գնդակից, թե` զորամասի ծառայողների: «Մեհրաբներ» զորամասի գնդի հրամանատար Սեյրան Ղազարյանն էլ հրաժարվեց պատասխանել հարցերին, պատճառով, թե ինքը լիազորված չէ նման տեղեկություններ տրամադրել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը, ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ  զինվորների մահվան ստույգ պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել էր, որ, ըստ իրեն հասած տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել հակառակորդի արձակած կրակոցներից: Գյուղապետի փոխանցմամբ` դեպքից հետո 1.5-2 ժամ գյուղի տարածքում կրակոցներ են լսվել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: