Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների սահմանադրականության հարցը քննարկելու է 2010թ. հունվարի 12-ին, ժամը 11-ին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Վերջինս նաեւ հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ զեկուցողը լինելու է ՍԴ դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, որն էլ հենց անձամբ քննարկել եւ եզրակացություն է ներկայացրել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունները ներկայացրել է Սահմանադրական դատարան, որի դրական եզրակացությունից հետո արձանագրությունները ներկայացվելու են Ազգային ժողովի վավերացմանը:




























