«Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր` ապրիլի 25-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել են Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Ոսկեւան, Իջեւան, Բերդ, Աչաջուր, Դիլիջան: Խմբի կազմում են եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը եւ նախընտրական թիմի այլ անդամներ: Քարոզարշավի ընթացքում խումբն ուղեկցում էին նաեւ երկու կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները:
«Ժառանգության» շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ Իջեւանում տեղի ունեցած բազմամարդ հանդիպմանը Խաչատուր Քոքոբելյանը, ով եւս ծնունդով Իջեւանի շրջանից է, նշել է, որ քաջ ծանոթ է իջեւանցիների հոգսերին: Նա նաեւ շեշտել է. «Վստահ եղեք, ընտրելով «Ժառանգությանը»՝ մեզ հետ միասին կկերտեք այն նոր Հայաստանը, որի համար տարիներ ի վեր պայքարում ենք»:
«Մայիսի 6-ին Աստծո հայացքի ներքո զարթնեք ու որոշեք՝ մնում եք հնի՞ մեջ, թե՞ գալիս եք դեպի Նոր Հայաստան», -Նոյեմբերյանում հանդիպման ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կոչ արել ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել սեփական ապագային:
«Ժառանգության» առաջնորդը նաեւ բոլոր բնակավայրերում ժողովրդին հրավիրել է ներկա գտնվել մայիսի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համերգ-հաղթահավաքին, որին ելույթ կունենան հայտնի երգիչներ Ռուբեն Հախվերդյանն ու ԱՄՆ-ից հատուկ «Ժառանգությանը» սատարելու համար ժամանող Հարութ Փամբուկչյանը:
Ստեփան Սաֆարյանը,ելույթ ունենալով Նոյեմբերյանում, մասնավորապես նշել է. «Մենք պատրաստ ենք ձեզ անմնացորդ ծառայել եւս 5 տարի, պատրաստ ենք լինել ձեր իշխանության ներկայացուցիչը, իսկ այդ իշխանության ձեւավորողը դո՛ւք եք ու մայիսի 6-ին պետք է որոշեք, թե ինչպիսին է լինելու Տավուշի մարզի ու Հայաստանի ընթացքը եւ այս համատեքստում սխալվելը ձեզ համար արժենալու է եւս 5 տարվա թշվառ կյանք»:
Ստեփան Հասան-Ջալալյանն էլ իր հերթին ասել է, որ «մայիսի 6-ին մենք ունենք ընտրության երկու տարբերակ՝ կյանք, որի ճանապարհին մեզ հանդիպելու է գործազրկություն, արտագաղթ, կամ էլ պետք է ընտրել մի կյանք, որտեղ կհանդիպենք բարեկեցություն, աշխատանք եւ ներգաղթ»: «Քվեախցիկում դուք լինելու եք միայնակ՝ քվեաթերթիկը ձեր դիմաց, ինչպես քվեարկեք, այդ կյանքն էլ ունենալու եք, հետո չտրտնջաք, թե յոլա ենք գնում՝ չի կարելի 20 տարի յոլա գնալ», – նշել է նա:




























