Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ օրակարգի` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է Աշտարակ-Թալին, Երեւան-Արարատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքների իրականացման կապալառուի, ինչպես նաեւ Ծրագրի կառավարման խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրերի վերաբերյալ: Նա մանրամասներ է ներկայացրել պայմանագրային բանակցությունների ընթացքի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է վերակառուցման ու բարելավման կապալառուի եւ Ծրագրի կառավարման խորհրդատուի բանակցված պայմանագրերը, հանձնարարել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` պայմանագրեր կնքել «Corsan Corviam Construccion S.A.» կազմակերպության եւ Սաֆեժ (Ֆրանսիա) ու Էպտիսա (Իսպանիա) համատեղ ձեռնարկության հետ եւ ներկայացնել դրանք ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաջորդիվ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակի պատրաստման հարցը: Խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես նաեւ ԱԶԲ ընթացակարգերի համաձայն` իրականացնել կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով:



























