Այսօր կեսօրին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, ի դեպ, պետք է համաներմամբ ազատ արձակվեր դեռ երեկ, սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը համառորեն հրաժարվում էր հանդիպել Ջհանգիրյանի պաշտպաններին եւ նրանց հանձնել ազատման որոշումը։

Գագիկ Ջհանգիրյանին դիմավորելու համար «Երեւան-Կենտրոնի» մուտքի մոտ էին հավաքվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, Ջհանգիրյանի մտերիմներն ու երեկ ազատված նախկին քաղբանտարկյալները՝ Սմբատ Այվազյանը, Հակոբ Հակոբյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սուրեն Սիրունյանը եւ այլոք, որոնք անհամբեր սպասում էին Գագիկ Ջհանգիրյանին։

Վերջապես Ջհանգիրյանը երեւաց ԱԱԾ անցագրային բյուրոյի մուտքից, եւ ԱԱԾ առջեւ հավաքված բազմությունը նրան դիմավորեց ծափահարություններով ու ՀԱԿ-ի կարգախոսները վանկարկելով։ «Առողջություն եմ ցանկանում ճաղավանդակների ետեւում մնացած մեր բոլոր բոլոր ընկերներին եւ խոստանում եմ, որ մենք իրենց արագ ազատ ենք արձակելու», — լրագրողների հետ զրույցում նշեց նախկին քաղբանտարկյալը։ Անդրադառնալով համաներման խնդրին՝ Գ. Ջհանգիրյանը նշեց, որ համաներումն իրականում չի առնչվում մարտի 1-ի գործով ապօրինի ձերբակալված անձանց։ «Ասածս հիմնավորելու համար կարող եք հանել այդ տեքստից այն կետը, որ գրված է, թե համաներումը տարածվում է մարտի 1-ի դեպքերով ձերբակալված անձանց վրա։ Համաներման բովանդակությունը չի փոխվի։ Այսքանը՝ պարզ ու հասարակ։ Համաժողովրդական շարժման ճնշումների եւ եվրոպական կառույցների հորդորների ազդեցության տակ ընդունված կիսահղի փաստաթուղթ է»,- փաստեց Գագիկ Ջհանգիրյանը։ Նախկին քաղբանտարկյալը նաեւ նշեց, որ շարունակելու է պայքարը։ «Ինչ քայլեր կանի Հայ Ազգային Կոնգրեսը, ես նրա արքայի զինվորն եմ,»- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Ի դեպ, այսօր Ջհանգիրյանին դիմավորելու չէր եկել նրա եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը, որն այժմ գտնվում է Գերմանիայում եւ ինտենսիվ բուժում է ստանում։