Տիգրան Սարգսյանի կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության ու  Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Էլ.- հասարակության եւ մրցունակության համար նորարաության ծրագիր» վարկային համաձայնագրով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը։ Այդ մասին գրում  է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

«Ըստ այդմ՝ 1 միլիարդ 670 միլիոն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով հաղթողներ են ճանաչվել «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն եւ «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն։ Ի դեպ, բացի այն, որ այս երկու ընկերությունների անունները կապված են պետական շինարարական ծրագրերի հետ, մասնավորապես «Բաղրամյանշինի» հետ կապված մի ուշագրավ տեղեկություն կա մամուլում։ 2005 թվականին մի շարք շինարարական ընկերություններ, այդ թվում եւ «Բաղրամյանշին»-ը, զրկվել էին շինարարություն իրականացնելու լիցենզիայից։ Գործով նույնիսկ զբաղվել էր դատախազությունը, քանի որ մոտ մեկ տասնյակ ընկերություններ, որոնց թվում եւ նույն «Բաղրամյանշին»-ը, կամ կասեցված լիցենզիայով, կամ էլ ընդհանրապես լիցենզիա չունենալով, շինարարական աշխատանքներ է իրականացրել Հայաստանում։

Հավելենք նաեւ, որ այս ընկերությունները հայտնի են հիմնականում պետբյուջեից հատկացվող գումարների շրջանակներում իրականացվող ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ ՊՆ-ի, մարզպետարանների եւ գյուղապետարանների կողմից իրականացված շինարարական ծրագրերում։ Այս ընկերությունները, փաստորեն, պետք է Գյումրիում կառուցեն տեխնոպարկ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: