Գերմանիայում ավարտվել է տևական փրկարարական գործողությունը՝ ուղղված սապատավոր կետին ազատելուն, որն ավելի քան հինգ շաբաթ մնացել էր Բալթիկ ծովի ափամերձ ծանծաղուտում: Դրա մասին հայտնում է BBC-ն:
Կենդանուն հաջողվել է բարձրացնել հատուկ բարժայի վրա և տեղափոխել դեպի Հյուսիսային ծով: Կետին տարհանել են ապրիլի 28-ին՝ Պոել կղզու մոտակայքից: Գործողությունը, որը ֆինանսավորել է երկու գերմանացի գործարար, տևել է մի քանի օր և անցկացվել է բնապահպանների ու հասարակության հսկողության ներքո:
Փրկարարներին հաջողվել է կետին ներքաշել ջրով լցված բեռնանավ՝ նրան ափից հեռացնելու փորձերի ձախողումից հետո: Այնուհետև նավը Բալթիկ ծովով ուղղություն է վերցրել դեպի Դանիայի ջրեր՝ Հյուսիսային ծով դուրս գալու հեռանկարով:
Գործողության մասնակիցները փրկությունը կարևոր ձեռքբերում են անվանել: Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի շրջակա միջավայրի պահպանության նախարար Թիլ Բաքհաուսը նշել է, որ սա ծառայությունների և կամավորների արդյունավետ համագործակցության օրինակ է:
Առաքելության ղեկավար Ֆելիքս Բոնսակը հայտնել է, որ կենդանուն բեռնանավ բարձրացնելու պահը շատ հուզիչ է եղել, սակայն կետի հետագա ճակատագիրն անորոշ է:
Մասնագետների գնահատմամբ՝ սապատավոր կետը 4–6 տարեկան է: Նախկինում նա մի քանի անգամ հայտնվել էր ծանծաղուտում և բաց ծով վերադառնալու փորձեր էր արել, սակայն կրկին վերադարձել էր ափի մոտ:





























