Այս շաբաթ Հնդկաստանը և Հայաստանը ևս մեկ կարևոր քայլ են կատարել իրենց պաշտպանական հարաբերությունների ընդլայնման գործում. Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր մակարդակի բանակցություններ է վարել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի, ավիացիայի գլխավոր մարշալ Ա.Պ. Սինգհի և պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի հետ, գրում է The Indian Express-ը:

Քննարկումների առանցքում եղել են ռազմական տեխնիկայի համատեղ մշակումը, զինված ուժերի արդիականացումը և ռազմավարական համագործակցության խորացումը:

Հնդկաստանի պաշտպանության միացյալ շտաբի (IDS) հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ուսումնասիրել են «ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները», ինչը մատնանշում է անցումը ավանդական գնորդ-վաճառող հարաբերություններից դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության ոլորտում գործընկերություն:

Ենթադրվում է, որ Հայաստանը, իր ռազմարդյունաբերական համալիրի արդիականացման շրջանակում, ուսումնասիրում է հնդկական արտադրության որոշակի պաշտպանական համակարգերի ներքին արտադրության կամ ինտեգրման տարբերակները:

«Նաև հավաստիորեն հայտնի է, որ բանակցություններն ընթանում են «երկիր-երկիր» դասի հնդկական «Pralay» տակտիկական կվազիբալիստիկ հրթիռային համակարգերի ձեռքբերման արժեքի շուրջ, քանի որ Երևանը ձգտում է ուժեղացնել Ադրբեջանի հեռահար ճշգրիտ հարվածային միջոցների զսպումը, ներառյալ իսրայելական արտադրության LORA հրթիռները»,- գրում է հնդկական լրատվամիջոցը:

Աղբյուրները հայտնել են, որ ցանկացած գործարք պետք է համապատասխանի Հնդկաստանի արտահանման վերահսկողության համակարգին (SCOMET) և Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմին (MTCR), ըստ որոնց արտահանվող տարբերակները հարմարեցվում են միջազգային պարտավորություններին:

Երբ համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, այն կնշանակի երկկողմ պաշտպանական կապերի զգալի ընդլայնում՝ ի հավելումն հրետանու, ՀՕՊ-ի և ռազմավարական հարվածների ոլորտում առկա համագործակցության, և կդառնա Հնդկաստանի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը բարձր դասի հրթիռների արտահանման ոլորտում:

Աղբյուրները հայտնել են նաև, որ գեներալ-լեյտենանտ Ասրյանի առանձին բանակցություններն ավիացիայի գլխավոր մարշալ Ա.Պ. Սինգհի հետ նվիրված են եղել հակաօդային պաշտպանության բազմամակարդակ ճարտարապետությանը, կործանիչների մարտունակության բարձրացմանը և անօդաչու թռչող սարքերից ու հրթիռային սպառնալիքներից պաշտպանությանը:

Քննարկվել են նաև զինված ուժերի արդիականացմանն ուղղված ավելի լայն պահանջներ. հայտնի է դարձել, որ Հայաստանը դիտարկում է հեռահար գործողության հնդկական «Astra MK1» «օդ-օդ» դասի հրթիռի ձեռքբերման և իր Սու-30ՍՄ կործանիչների պարկի հնարավոր արդիականացման հնարավորությունը:

Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական համակարգերի խոշորագույն արտասահմանյան գնորդներից մեկը, պայմանագրերի ծավալը գնահատվում է ավելի քան 1,5 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ ընդհանուր արժեքը կաճի լրացուցիչ պատվերների համաձայնեցմանը զուգընթաց:

Հայաստանը Հնդկաստանից գնել է սպառազինության համալիր համակարգեր առաջնագծի համար, դրանց թվում՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Akash զենիթահրթիռային համակարգեր, Swathi հրետանային հետախուզության ռադարներ, հակաանօդաչու հարթակներ, ռեակտիվ արկեր, զինամթերք և օժանդակ սարքավորումներ:

Այդ այցը հաջորդում է գեներալ Անիլ Չաուհանի՝ այս տարվա փետրվարին Հայաստան կատարած այցին, որը հնդիկ բարձրաստիճան զինվորականի առաջին հայտնի պաշտոնական այցն էր՝ ընդգծելով երկկողմ պաշտպանական համագործակցության շարունակական դինամիկան: