ԱՄՆ ռազմական նախարարությունը համաձայնություն է ձեռք բերել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ամերիկյան առաջատար մշակողների հետ նրանց համակարգերի մարտական կիրառման շուրջ։ Այդ մասին նշվել է Պենտագոնի գրավոր հայտարարության մեջ։
Ինչպես նշվել է այդ փաստաթղթում, ԱՄՆ ռազմական գերատեսչությունը «համաձայնագրեր է կնքել արհեստական բանականության ոլորտում մշակումներով զբաղվող աշխարհի յոթ առաջատար ընկերությունների՝ SpaceX-ի, OpenAI-ի, Google-ի, NVIDIA-ի, Reflection-ի, Microsoft-ի և Amazon Web Services-ի հետ՝ նրանց «առաջադեմ ԱԲ ներուժը» իր «գաղտնիության դրոշմ ունեցող [համակարգչային] ցանցերում տեղակայելու համար՝ օրինական օպերատիվ կիրառման նպատակներով»։ Խոսքը վերաբերում է այս համակարգերի օգտագործմանը մարտական գործողությունների ժամանակ, հետախուզության ոլորտում, ինչպես նաև ընդհանրապես Պենտագոնի գործունեության ապահովման համար, պարզաբանվել է հայտարարության մեջ։ Ընդգծվել է, որ Պենտագոնը կշարունակի կառուցել ԱԲ ճարտարապետություն, որը թույլ չի տա մատակարարներին իրենց հայեցողությամբ արգելափակել պատվիրատուի մուտքը նման համակարգեր։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմական նախարարությունը ԱԲ ոլորտում մշակումներով զբաղվող Anthropic ընկերությանը շնորհել էր «մատակարարման շղթաների համար սպառնալիք»-ի կարգավիճակ՝ փաստորեն խզելով նրա հետ գործարար կապերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր բոլոր դաշնային գերատեսչություններին դադարեցնել ընկերության արտադրանքի օգտագործումը։ Հակամարտության պատճառը դարձել էր Պենտագոնի ցանկությունը՝ օգտագործել Anthropic-ի արհեստական բանականության վրա հիմնված արտադրանքը «բոլոր օրինական նպատակներով»։ Anthropic-ի ղեկավարությունը հրաժարվել էր Պենտագոնին տրամադրել նման հնարավորություններ՝ պահանջելով անել երկու բացառություն՝ չկիրառել դրանք երկրի ներսում զանգվածային հսկողության համար և մահաբեր ինքնավար սպառազինական համակարգեր (մարտական ռոբոտներ) ստեղծելու նպատակով։
Նման լուրջ տարաձայնություններ Պենտագոնն ունեցել է ոչ միայն Anthropic-ի հետ։ Ինչպես ապրիլի 28-ին հայտնել էր The Washington Post (WP) թերթը, Google-ի հարյուրավոր աշխատակիցներ իրենց ղեկավարությունից պահանջել էին արգելել ԱՄՆ ռազմական նախարարությանն օգտագործել կորպորացիայի ԱԲ տեխնոլոգիաները գաղտնի աշխատանքի համար։





























