ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բահրեյնի էներգետիկական բանկի Հայաստանում գտնվող պատվիրակությանը, NEWS.am-ին տեղեկացրել են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռամզի Ալ Սեւադին, Վահրամ Զանոյանը եւ Մոհամմեդ Կհնամը փոխվարչապետին տեղեկացրին, որ իրենց բանկը, թեեւ ընդամենը մեկ տարվա պատմություն ունի, սակայն Հյուսիսային Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում էներգետիկ ուղղվածության խոշոր ծրագրեր է ֆինանսավորում։ Բացի վարկավորումից, բանկի բաժնետերերը նաեւ սեփական միջոցներն են ներդնում եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերում։

Վահրամ Զանոյանը նշեց, որ բանկի խորհուրդը որոշել է այլ շուկաներ դուրս գալ եւ, առաջինն այցելելով Հայաստանի Հանրապետություն, համոզվել են, որ զարգացող էներգետիկ ոլորտում ներդրումների լայն հնարավորություն կա։ Վստահություն են ներշնչում այս ոլորտի կայացած կառուցվածքը եւ ողջ համակարգը։

Բանկի ներկայացուցիչներին հետաքրքրել են հայկական ատոմակայանի կառուցման, Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի եւ փոքր ՀԷԿ-երի գործարկման եւ այլ հեռանկարային ծրագրեր։

Նրանք ցանկություն հայտնեցին էներգետիկ ծրագրերում բաժնեմասային մասնակցություն եւ տեղական գործընկերներ ունենալ։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկայացրեց, որ էներգետիկ ոլորտը Հայաստանում ամենահզորներից մեկն է, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակելու ներդրումային ծրագրերին։ Չունենալով գազ եւ նավթ՝ Հայաստանը շատ էլեկտրաէներգիա է արտադրում եւ արտահանում։

Նա նշեց, որ նոր ծրագրերի իրականացումը լավ հնարավորություն է էներգետիկ ոլորտն ավելի զարգացնելու համար։