ԱՄՆ-ի գլխավոր նպատակը համաշխարհային էներգետիկ շուկաներում ռեսուրսների մատակարարման հնարավորինս շատ աղբյուրներ ու երթուղիներ վերահսկելն է։ Այս ձգտումն ակտիվորեն օգտագործվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։ Այս մասին RT-India-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նա ինչ-որ տեղ խոստովանել է, որ տասնամյակներ շարունակ սպասել է, թե երբ Վաշինգտոնը վերջապես կհանգի Իրանի վրա հարձակվելու, նրան ջախջախելու և ոչնչացնելու մտքին։ Սակայն, ի վերջո, իհարկե, տուժում են սպառողները», - նշել է Լավրովը։»

Ըստ նրա՝ խաթարվել է Արևմուտքի կողմից երկար տարիներ առաջ մղվող գլոբալացման սկզբունքներից մեկը։ «Այդ սկզբունքը վերաբերում էր էներգիա արտադրողների և սպառողների միջև երկխոսությանը։ Նման երկխոսություն զարգանում էր նաև «Մեծ քսանյակի» (G20) շրջանակներում։ ՕՊԵԿ+-ն իր աշխատանքում միշտ հաշվի է առել գնորդների շահերը։ Նրանց հետ նույնպես հաստատված էր մշտական ու վստահելի երկխոսություն։ Այժմ այդ ամենը քանդվում է միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը միանձնյա ղեկավարի այդ շուկաները։ Համենայն դեպս, Թրամփի ներկայիս վարչակազմն այդ մասին անկեղծ է խոսում։ Բոլոր երկրները պետք է համապատասխան հետևություններ անեն իրենց համար։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես դա կընկալվի համաշխարհային տնտեսության կողմից. արդեն իսկ ասվում է, որ եթե հակամարտությունն այժմ դադարեցվի, ապա մինչև 2026 թվականի վերջը հազիվ թե հաջողվի վերականգնել այն, ինչ ունեինք։ Իսկ եթե այն տևի ևս մի քանի շաբաթ և առավել ևս՝ ամիսներ, ապա ճգնաժամից դուրս գալու հորիզոնն է՛լ ավելի է հեռանում»,- ասել է նա։

«Երբ մենք այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում ենք Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, ամերիկացիներն ասում են, որ պետք է դատապարտել Իրանին։ Մենք ասում ենք, որ Իրանը չէ՞ որ ինչ-որ բանի է արձագանքում։ Եկեք նշենք նախապատճառը՝ որ սա Իրանի դեմ ոչնչով չհրահրված ագրեսիա էր։ Ո՛չ։ Եվ նրանք փորձում են համոզել որոշ արաբական երկրների այն տրամաբանությամբ, թե սրանք երկու տարբեր պատերազմներ են։

Այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմն Իրանի «արդարացի պատերազմ» է, քանի որ նրանք ոչնչացնում են միջուկային ռումբը։ Թեև այդ ռումբը, նախ՝ գոյություն չունի, և երկրորդ՝ դեռ 2025 թվականի հունիսին նախագահ Թրամփն արդեն հայտարարել էր, որ Իրանի բոլոր միջուկային պաշարները ոչնչացված են։ Սակայն, այդուհանդերձ, նրանք հիմա կրկնակի անգամ «ոչնչացնում են» այդ միջուկային խնդիրը։ Իսկ «երկրորդ» պատերազմը կայանում է նրանում, թե իբր Իրանը մի օր առավոտյան «արթնացել» ու պարզապես «փակել է» Հորմուզի նեղուցը»։