Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան՝ երկիր, որը հաղթահարել է ներքին բաժանումները։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ներկա իշխանությունները քայլեր են անում, որոնք հասարակությանը բաժանում են ամենազգայուն հարցերի շուրջ։ Չեմ հավատում, որ նման բևեռացված պայմաններում երկիրը կարող է զարգանալ։
Այդպիսի հարցերից մեկն եկեղեցին է։ Հայաստանում երբեք նման վերաբերմունք չի եղել եկեղեցու նկատմամբ։ Մյուսը մեր ինքնության նկատմամբ վերաբերմունքն է, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշումները։
Ընդամենը մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը կարող է հայտարարել․ «Մենք զոհաբերել ենք Արցախը՝ անկախություն ձեռք բերելու համար»։ Սա, իմ կարծիքով, անհեթեթ հայտարարություն է։ Կարելի է խոսել Ղարաբաղի կորստի մասին, բայց ոչ այն ներկայացնել որպես ձեռքբերում։ Խոսքը 150 հազար մարդու ճակատագրի, շուրջ 5 հազար զոհի և մոտ 12 հազար վիրավորի մասին է»,–ասել է նա։
Քոչարյանը նկատել է, որ առաջին խնդիրը երկրի անվտանգությունն է. Եթե անվտանգությունը խաթարված է, որևէ այլ ծրագիր հնարավոր չէ իրականացնել։
«Այսօր անվտանգության ոլորտում իրավիճակը շատ լուրջ է, որովհետև գործող իշխանությունները քայքայել են նախկին անվտանգային համակարգը, իսկ նորը դեռ չի ձևավորվել։
Եվ, ըստ էության, նույնը կատարվում է ամբողջ աշխարհում։ Գլոբալ աշխարհակարգը, որը ձևավորվել էր Միացյալ Նահանգների առաջնորդությամբ, ապամոնտաժվում է, իսկ նորը դեռ կառուցման փուլում է՝ բազմաթիվ հակասություններով։
Հայաստանում այլ պատճառներով տեղի է ունենում նույնը․ գլոբալ անկայունության պայմաններում, փոխանակ ամրապնդելու անվտանգային համակարգը, Հայաստանը քանդում է այն, ինչ արդեն գոյություն ուներ»,– ընդգծել է Քոչարյանը։





























