Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երեւանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երեւանի հանրությանը: Այս մասին ասված է բնապահպան կազմակերպությունների եւ Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիների տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության եւ նրա կողմից Երեւանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.
- Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը եւ տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երեւանի քաղաքապետարանի եւ իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,
- արդեն շուրջ 80 օր է, ինչ Երեւանի քաղաքապետարանը եւ քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երեւանցիներին եւ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,
- Երեւանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երեւանցիների կամքին եւ ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին եւ դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց եւ նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ժողովրդի գերակա շահով:
Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության եւ ոչ իրավաչափ գործողության որեւէ դրսեւորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել եւ համարել դա ձեռքբերում:
Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ՀՀ քաղաքացիների իրավունքներին եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, որոնք ըստ ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են եւ պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ եւ այլն) լեգիտիմության աղբյուրը:
Ելնելով այս ամենից` պահանջում ենք.
Երեւանի քաղաքապետարանից`
• անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
• կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը եւ իրական մասնակցությունը որոշումների կայացմանը:
ՀՀ պատկան մարմիններից` գտնել եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը եւ պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին եւ այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:
Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության»:
Հայտարարությունը ստորագրել են`
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը
Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները



























