Առաջիկայում Ռիգայում հրավիրվելիք գործարարների հայ-լատվիական համաժողովի կազմակերպման եւ Հայաստանի ու Լատվիայի խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարներն են քննարկվել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի դեկտեմբերի 10-ին կայացած հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են այն հանգամանքը, որ նախագահ Զատլերսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում են շուրջ 60 լատվիացի գործարարներ: Առեւտրատնտեսական համագործակցության քննարկման շրջանակներում զրուցակիցները նաեւ անդրադարձել են առաջիկայում Ռիգայում հրավիրվելիք գործարարների հայ-լատվիական համաժողովի կազմակերպման հարցին:
Զրույցի ընթացքում կողմերը նաեւ մանրակրկիտ քննարկել են Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ նախագահ Զատլերսը նաեւ քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, մասնավորապես՝ կարեւորելով ԵՄ «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափը:
Զրույցի ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդրին:




























