Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ին կայացած նիստում ի գիտություն է ընդունել Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից մշակված «ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային մասի եւ ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը եւ հանձնարարել ՀՀ հանրապետական գործադիր մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին քննության առնել եւ առաջարկություններ ներկայացնել:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը էկոնոմիկայի եւ քաղաքաշինության նախարարներին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում մշակել միջազգային ստանդարտներին համապատասխան շինարարության ոլորտի զարգացման ծրագիր` ըստ հաստատված հայեցակարգային դրույթների եւ գործողությունների ժամանակացույցի:



























