Հայաստանի կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նախագծով ԱԺ պատգամավորն առաջարկել է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից բացի այլ ընտրությունների դեպքում նախատեսել տեղամասային հանձնաժողովի անդամի վարձատրություն:

Կառավարությունը պատճառաբանել է, որ ներկայացված օրենքի նախագծի անհրաժեշտությունը չկա, քանի որ Երեւանը ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն համայնք է, որն ունի 10.000-ից ավելի ընտրողներ, ուստի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության հարցը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 33.1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթով: