Եթե ղարաբաղյան կարգավորման գործընթացում այս տարվա ընթացքում ձեռք բերված դրական դինամիկան պահպանվի, ուրեմն կարգավորման հիմնարար սկզբունքների բավական արագ եւ վերջնական համաձայնեցման եւ դրանց հիման վրա խաղաղ համաձայնագրի մշակման մասին խոսելու լուրջ հիմքեր կան, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նեստերենկոյի խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ղարաբաղյան հարցում լուրջ ճեղքման ճանապարհին:
Նա հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում Հայաստանին եւ Ադրբեջանին կհանձնեն Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որ ներառում է կարգավորման հիմնարար մոտեցումները: Նեստերենկոյի խոսքով, Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է լինի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ խաղաղ համաձայնագրի տեքստի հետագա մշակմամբ:
Ըստ դիվանագետի՝ Ադրբեջանը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքով: «Ռուսական կողմը Ադրբեջանից դժգոհության որեւէ ազդանշան չի ստացել»:



























