«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում դեկտեմբերի 10-ին կայացած դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է եւս 6 հոգու փաստաբանական հարցման արձանագրությունները, այդ թվում՝ Դավիթի Շահնազարյանի, Աշոտ Բլեյանի եւ Անդրանիկ Քոչարյանի: Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցման մեջ մանրամասն ներկայացրել է փաստահավաք խմբի գործունեության արդյունքները եւ ամիսներ շարունակ իր կատարած աշխատանքները: Պաշտպանական կողմի միջնորդությամբ այդ արձանագրությունները ճանաչվել են որպես ապացույց եւ կցվել գործին: Պաշտպանական կողմը ներկայացրել է նաեւ Հայաստանի ՄԻՊ արտահերթ զեկույցը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցները, ԵԽԽՎ բանաձեւերը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դրանք կցել է գործին, բայց որպես ապացույց ճանաչելու հարցը խոստացել քննել խորհրդակցական սենյակում:

Ի դեպ, պաշտպանական կողմը դատարանում սկանդալային մի տեսասկավառակ է ներկայացրել: Երեւանի քաղաքապետարանի շենքի տանիքից ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված այդ տեսանկարահանման որոշ հատվածներ Փաշինյանի գործում կային, բայց նախաքննական մարմինը կտրել եւ հանել էր վերջին մեկ ժամանոց հատվածը: Պաշտպանական կողմը կարողացել էր ձեռք բերել եւ դատարանին ներկայացնել այդ հատվածը, որտեղ պատկերված է, թե ինչպես է 2008թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում եւ հավաքված բազմությանը կոչ անում՝ դուրս չգալ հրապարակից, իսկ ոստիկաններին հորդորում է ժողովրդի վրա հարձակվելու փոխարեն կանխել խանութների թալանը, նաեւ դատապարտում է հակաօրինական գործողությունները:

Դատավորն այս տեսաերիզը եւս կցել է գործին եւ հետաձգել դատական նիստը մինչեւ վաղը՝ դեկտեմբերի 11-ը, ժամը 12-ը: