Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը՝ տիկնոջ հետ, դեկտեմբերի 10-ին այցելել է Երեւանի քաղաքապետարան, ուր նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Լատվիայի նախագահը շրջել է Երեւան քաղաքի պատմության թանգարանում, ծանոթացել մայաքաղաքի պատմությանը եւ գրառումներ արել թանգարանի հուշամատյանում։

Շրջայցին նախորդած ընթացքում՝ Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Երեւանի քաղաքապետը նշել է, որ հայ-լատվիական հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունի երկու մայրաքաղաքների՝ Երեւանի եւ Ռիգայի միջեւ հարաբերությունների զարգացումը։ Գագիկ Բեգլարյանի խոսքով, Երեւանը ձգտում է վերականգնել Ռիգայի հետ նախկին սերտ կապերը։ Այդ համատեքստում Երեւանի քաղաքապետը կարեւոր է համարել երկու մայրաքաղաքների միջեւ փորձի փոխանակումը, քանի որ Ռիգան մեծ փորձ ունի քաղաքաշինության, քաղաքային տրանսպորտի, ջրամատակարարման եւ ավտոկայանատեղերի սպասարկման, ինչպես նաեւ աղբահանության ու կանաչապատման ոլորտներում։