Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա սակարկություններն ավարտել են աճով։ Դա կապված է եղել Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, քանի որ դրանք թույլ կտան դադարեցնել Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը ստորագրել են ճգնաժամի կարգավորման մեկնարկն ազդարարող հուշագիր։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ Վենսը ABC-ին տված հարցազրույցում հստակեցրել էր, որ փաստաթուղթը ստորագրվել է էլեկտրոնային տարբերակով, իսկ կնքման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը։

Հուշագիրն առաջին հերթին ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ամենասուր հարցերը, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագիրը, կողմերը կքննարկեն ավելի ուշ։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ դրա համար նախատեսվում է ստորագրման պաշտոնական արարողությունից հետո հատկացված 60 օրյա ժամկետ։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը կարևոր բեկում է,- նշել է Landsberg Bennett Private Wealth Management ընկերության ներկայացուցիչ Մայքլ Լենդսբերգը։ - Չի բացառվում, որ առաջիկա երկու ամսում կողմերի միջև նոր տարաձայնություններ ի հայտ գան, հատկապես առանցքային կետի՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Այնուամենայնիվ, Հորմուզի նեղուցի բացումը կնպաստի նավթի գների նվազմանը»։

Երկուշաբթի օրը նավթն էժանացել է մոտ 6%-ով, ինչի պատճառով ամերիկյան խոշորագույն նավթ արդյունահանող Exxon Mobil և Chevron Corp. ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նվազել է համապատասխանաբար 3,6%-ով և 4,1%-ով։

Միևնույն ժամանակ, ավիաընկերությունների, այդ թվում՝ United Airlines Holdings-ի, Delta Air Lines-ի և American Airlines Group-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 1,2%-ով։

Երկուշաբթի օրը հայտնի է դարձել նաև, որ Նյու Յորքի արդյունաբերական ակտիվության ինդեքսը (Empire Manufacturing) հունիսին նվազել է՝ հասնելով 5,7 կետի։ Մայիսին այս ցուցանիշը 19,6 կետ է եղել, ինչը վերջին չորս տարվա ամենաբարձր մակարդակն է։ Trading Economics-ի հարցումներին մասնակցած վերլուծաբանները կանխատեսում են ավելի մեղմ անկում՝ մինչև 14 կետ։

ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալը մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել է ընդամենը 0,1%-ով՝ սպասվող 0,3%-ի փոխարեն։ Ապրիլյան աճի ցուցանիշը վերանայվել և 0,7%-ից բարձրացվել է 0,9%-ի։

Բացի այդ, ներդրողները ուշադիր հետևել են կորպորատիվ նորություններին։

SpaceX-ի բաժնետոմսերը սակարկությունների երկրորդ օրը կրկին թանկացել են ավելի քան 19%-ով։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իլոն Մասկի աերոտիեզերական ընկերությունն իրականացրել էր պատմության մեջ խոշորագույն IPO-ն (75 միլիարդ դոլարի ծավալով)։

Զգալի աճ է գրանցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը։ Micron Technology Inc.-ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 11%-ով, իսկ Sandisk Corp.-ինը՝ 6,5%-ով։

Paramount Skydance Corp.-ի կապիտալիզացիան աճել է 0,7%-ով, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլատրել է Warner Bros. Discovery-ի ձեռքբերումը 81 միլիարդ դոլարով (ներառյալ պարտքերը՝ 110 միլիարդ դոլար)։

Fox Corp. մեդիաընկերության շուկայական արժեքը նվազել է 15%-ով։ Ընկերությունը համաձայնության է եկել 22 միլիարդ դոլարով (ներառյալ պարտքերը) Roku Inc. սթրիմինգային հարթակը գնելու շուրջ։ Roku-ի բաժնետոմսերն էժանացել են 1,9%-ով։

Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 0,92%-ով և կազմել 51671,03 կետ։ Այստեղ աճի առաջատարը եղել են Boeing Co.-ի բաժնետոմսերը, որոնք թռիչք են գրանցել 4,6%-ով։ Nvidia Corp., Honeywell International, Amazon.com Inc. և American Express Co. ընկերությունների արժեթղթերը թանկացել են ավելի քան 3%-ով։

Standard & Poor's 500 ինդեքսի արժեքն աճել է 1,65%-ով՝ հասնելով 7554,29 կետի։

Nasdaq Composite-ն ավելացրել է իր դիրքերը 3,07%-ով և սակարկություններն ավարտել 26683,94 կետի մակարդակում։