Ազգային ժողովի հանրապետական պատգամավորները տեղյակ չեն դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանի եւ առողջապահության նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանի լեզվակռվից եւ քաշքշուկից: Համենայն դեպս, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանրապետական պատգամավորները միաբերան պնդում էին, թե չեն տեսել այդ միջադեպը:

Հիշեցնենք, որ 2010թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկելիս Սամվել Նիկոյանը քննադատել էր առողջապահության ոլորտը, եւ նիստից հետո Քուշկյանը նրան մեղադրել էր պատվեր կատարելու մեջ: Ըստ ականատեսների՝ բանը հասել էր քաշքշուկի եւ հայհոյանքների:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը, հայտնեց, թե նիստից հետո տուն է գնացել, իսկ նիստում Նիկոյանն ուղղակի քննադատել է առողջապահական հիմնարկները, որից հետո նախարարը արձագանքել է ռեպլիկով: «Մնացածից տեղյակ չեմ, մամուլից եմ իմացել»,- ասաց Զոհրաբյանը:

Միջադեպից տեղյակ չէր նաեւ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Ես իրազեկված չեմ, ընդամեն լրատվամիջոցներից եմ տեղեկացել, բայց չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ եղած լինի»,- նշեց Սահակյանը: Միջադեպից տեղյակ չէր նաեւ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, իսկ Սամվել Նիկոյանի հետ կապվել չհաջողվեց: