Binance-ի օգտատերերն աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայից դուրս են բերել շուրջ 5 մլրդ դոլար։ Բորսան կիրակի օրվա դրությամբ վերսկսել է աննախադեպ հաքերային հարձակումից հետո իրականացվող աշխատանքը, գրում է The Financial Times-ը։
DefiLlama հարթակի տվյալներով՝ երկուշաբթի առավոտվա դրությամբ հաճախորդները դուրս են բերել շուրջ 4,9 մլրդ դոլար։ Դա կազմում է կիբերհարձակմանը նախորդող օրը բորսայում պահվող ակտիվների ընդհանուր արժեքի մոտ 3%-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հաքերները Binance-ից գողացել են ռեկորդային՝ 6,3 մլրդ դոլար։ Կիբերհարձակումը հայտնաբերելուց հետո բորսան կասեցրել է միջոցների դուրսբերումը՝ հարձակվողների օգտագործած խոցելիությունները բացահայտելու և վերացնելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաքերները կարող էին չարտոնված գործարքներ կատարել՝ ծրագրավորողներից մեկի նոթբուքին հասանելիություն ստանալով։
FT-ն գրում է, որ անցած շաբաթ օրը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գողության համար մեղադրել է Հյուսիսային Կորեայի հետ կապված TraderTraitor հաքերային խմբավորմանը։ Գերատեսչության գնահատմամբ՝ գողացված ակտիվները հետագայում կփոխարկվեն և «կլվացվեն»։
Binance-ի ղեկավար Ռիչարդ Թենը հայտարարել է, որ բորսան սեփական միջոցների հաշվին հաճախորդներին կփոխհատուցի կիբերհարձակման հետևանքով առաջացած բոլոր վնասները։
Binance-ի 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ բորսան որպես պահառու տնօրինում է շուրջ 162,8 մլրդ դոլարի ակտիվներ և ամբողջ աշխարհում ունի 335 մլն գրանցված օգտատեր։





























