Հայ-լատվիական գործարար համագործակցությունը լավ հնարավորություն է զարգացնելու Հայաստանի եւ Լատվիայի գործարար կապերը: Այս մասին դեկտեմբերի 11-ին կայացած հայ- լատվիական գործարար համաժողովի բացմանը նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ գործարար համագործակցությունը խորացնելու մասին հարցեր են քննարկել դեռ դավոսյան Տնտեսական համաժողովի շրջանակում: «Վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Լատվիայի միջեւ արձանագրել է աճ: Չնայած տեմպերի որոշակի անկմանը, որը մեր կարծիքով, պայմանավորված է միջազգային տնտեսական ճգնաժամով, ես վստահ եմ, որ հետագա աճի ապահովման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Մանավանդ որ, մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, չափերն այնպիսին են, որ երկու-երեք երկարատեւ պայմանագրերը կարող են էական ազդեցություն ունենալ»,- նշեց նախագահ Սարգսյանը` հույս հայտնելով, որ համաժողովի մասնակից գործարարներին կհաջողվի գտնել ընդհանուր եզրեր, օգտակար ծանոթություններ հաստատել, քննարկել համագործակցության հնարավորությունները:

Ըստ Ս. Սարգսյանի` Հայաստանի եւ Լատվիայի միջեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը կա, եւ Լատվիայի նախագահի այցի շրջանակում ստորագրված տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը հետագա գործունեության համար նոր խթան կհանդիսանա: «Եվրամիության հետ մեր փոխհարաբերությունների ընդլայնումը, ինչպես „Եվրոպական հարեւանության“, այնպես էլ վերջերս մեկնարկած „Արեւելյան գործընկերության“ շրջանակում, նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացել տնտեսական կապերի դինամիկ զարգացման համար: Հայաստանում այսօր արդեն արտահանման կեսը եւ ներմուծման մեկ երրորդը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին»,- ասաց նա:

Ըստ Հայաստանի նախագահի` Հայաստանը եւ Լատվիան կարող են համագործակցել զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, բանկային եւ ծառայությունների մատուցման ոլորտներում:

«Հայաստանում տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի մասնակցության ոչ մի սահմանափակում գոյություն չունի: Ավելին, չկա որեւէ դեպք, երբ խոշոր ներդրողը հեռացել է Հայաստանից»,- Լատվիայից ժամանած պատվիրակության անդամներին վստահեցրեց նախագահը` ավելացնելով, որ Հայաստանում իշխանությունը ջերմությամբ ու խնամքով է վերաբերում գործընկերներին:

Տեղեկացնենք, որ Հայաստանում պետական այցով գտնվող Լատվիայի նախագահի պատվիրակության կազմում 60-ից ավելի գործարարներ են ընդգրված, որոնք ներկայացնում են այդ երկրի տնտեսության տարբեր ոլորտներ: