Եվրահանձնաժողովում և Եվրոպական խորհրդում գնալով մեծանում է այն պաշտոնյաների թիվը, որոնք կողմ են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) հնարավոր լուծարմանը, որը գլխավորում է Կայա Կալասը։ Այս մասին հունիսի 29-ին հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ տասը ներկա և նախկին պաշտոնյաներ ու դիվանագետներ հայտարարել են կառույցի աշխատանքում առկա ճգնաժամի մասին։ Նրանք նշում են, որ ծառայությունը չունի հստակ ձևակերպված առաքելություն, ինչպես նաև ի վիճակի չէ ֆինանսական ռեսուրսների և քաղաքական ազդեցության ծավալներով մրցակցել Եվրահանձնաժողովի հետ։

«Թե՛ Խորհրդում (որը ներկայացնում է ԵՄ անդամ 27 երկրների կառավարությունները), թե՛ Եվրահանձնաժողովում կա մի խումբ, որը ցանկանում է լուծարել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը»,- «Politico»-ն մեջբերում է պաշտոնյաներից մեկի խոսքը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, կառույցն ունի նաև պաշտպաններ, սակայն նրանց դիրքերը զգալիորեն թույլ են։

Թերթը հայտնում է նաև, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Կայա Կալասը պարբերաբար ենթարկվում է եվրոպացի դիվանագետների քննադատությանը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն էլ ավելի է սրում ներքին լարվածությունը և Կալասի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև ենթադրյալ մրցակցությունը։