«Ռուսաստանը չի խանդում „Նաբուկո“ նախագծին: Թող իր համար զարգանա»,- Մյունխենում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու հավելել. «Եթե „Նաբուկո“-ով գազ հոսի, դա նշանակում է, որ դա ինչ-որ մեկին պետք է, սակայն ինձ դեռ ոչ ոք չի կարողացել բացատրել, թե որտեղից է այնտեղ գազ հայտնվելու»:
«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի էներգամատակարարումները լինեն անվտանգ, դիվերսիֆիկացված, բայց այդ մատակարարումները պետք է հիմնվեն գոյություն ունեցող պայմանագրերի վրա»,- նշել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ օրերս Անկարայում «Նաբուկո»-ի նախագծի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել 5-6 երկրների (Թուրքիա, Ավստրիա, Հունգարիա, Բուլղարիա, Ռումինիա) վարչապետների կողմից:
7,9 միլիարդ եվրո արժողությամբ «Նաբուկո» նախագիծը, ենթադրում է Կասպիական տարածաշրջանից գազը հասցնել ԵՄ անդամ երկրներ: Նախագծի մասնակիցներն են ավստիական OMV, հունգարական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas եւ գերմանական RWE ընկերությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի նույնքան մսնաբաժին` 16,67 տոկոս: Գազամուղի շինարարությունը կսկսվի 2011 թվականին, իսկ մատակարարումները` 2014 թվականին: Գազամուղի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խմ:



















