Ուժեղ, պաշտպանունակ բանակը էական տեղ է զբաղեցնում իրական Հայաստանի մեր տեսլականում, որովհետև խաղաղության պայմաններում էլ ուժեղ պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար և ուժեղ պաշտպանունակ բանակը, այս իմաստով այո, խաղաղության կարևորագույն գործիք է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, հայտարարեց. «2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսը, կարծում եմ, հոդս ցնդեցրեց բոլոր այն շահարկումները, թե կառավարությունը արտաքին թելադրանքի ներքո Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։ Այդ սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ այսօր ունենք, այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ այսօր ձեռք ենք բերում և արտադրում, Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբեք չի ունեցել։ Մենք, այո, Հայաստանում ստեղծել ենք ռազմաարդյունաբերական իրական համալիր, ու կառավարությունը շարունակելու է աջակցել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը։
Հիմա սակայն մենք մի կարևոր ու որոշիչ փուլ ենք մտնում, միջնաժամկետում ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դառնա ֆինանսապես ինքնաբավ և ավելի ու ավելի պակաս կախված լինի պետական գնումներից։ Եվ ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պայմանագրերի ծավալը շարունակաբար աճում է, իսկ պաշտպանության նախարարությունը, ի դեմս մի շարք տեղական արտադրողների, ձեռք է բերել հուսալի մատակարարներ»,–ասաց նա։




























