ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներից մի քանիսը դժգոհ են պետության ղեկավարի՝ Իրանի նկատմամբ անընդհատ փոփոխվող քաղաքականությունից։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին, որոնցից մեկը նշել է, որ նման մոտեցումից ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերը «գերեզմանում շուռ կգար»։

«Ամեն ինչ սկսվեց առանց ծրագրի, շարունակվեց առանց ծրագրի և մեծապես պայմանավորված է քաղաքական իրավիճակով։ Ահա թե ինչու մենք տեսնում ենք այս խելահեղ իրավիճակը․ մենք մտնում ենք, դուրս ենք գալիս, վերադառնում ենք, նորից դուրս ենք գալիս, ռմբակոծում ենք, չենք ռմբակոծում։ Ես նկատի ունեմ թվիթերով բանակցությունները. Էյզենհաուերը գերեզմանում շուռ կգար», - ասել է կրտսեր Ջորջ Բուշի վարչակազմի անանուն պաշտոնյան։

Թրամփի այս անվճռականությունը դժգոհություն է առաջացնում նախագահի ներկայիս կուսակիցների շրջանում՝ Հանրապետական կուսակցությունում, հատկապես Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններից առաջ։ Նրանցից մեկի խոսքով՝ «երկու ճամբարն էլ դժգոհ է», նկատի ունենալով Մերձավոր Արևելքում էսկալացիայի կողմնակիցներին և հակառակորդներին։

Դուայթ Էյզենհաուերը եղել է ԱՄՆ 34-րդ նախագահը՝ 1953-1961 թվականներին։ 1957 թվականին ԱՄՆ-ում հռչակվեց Էյզենհաուերի դոկտրինը, որի համաձայն՝ Վաշինգտոնը խոստացավ տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքի երկրներին «միջազգային կոմունիզմից» պաշտպանվելու համար։