Իրանը չի եղել ԱՄՆ-ի հետ պատերազմի նախաձեռնողը և դիվանագիտությունն ու բանակցությունները նախկինի պես համարում է տարաձայնությունների կարգավորման հիմնական ուղին, սակայն պետք են պայմանավորվածությունների կատարման արդյունավետ երաշխիքներ, հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի նախաձեռնողը չի եղել։ Ընդհակառակը, այն պաշտպանել է իրեն», - ասել է Փեզեշքիանը ՇՀԿ+ նիստում։

«Միևնույն ժամանակ, Իրանը դեռևս դիվանագիտությունն ու բանակցություններն է համարում տարաձայնությունների կարգավորման հիմնական ուղին։ Սակայն դիվանագիտությունը, առանց բարի կամքի, առանց ստանձնած պարտավորությունների նկատմամբ հարգանքի և առանց ուժի կիրառությունից հրաժարվելու, ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն», - հավելել է նա։

Փեզեշքիանը նշել է, որ վերջին փորձը և Միացյալ Նահանգների կողմից Իսլամաբադի հուշագրով ամրագրված պարտավորությունների բազմակի խախտումները ցույց տվեցին. «նույնիսկ երբ կողմերը հասնում են քաղաքական համաձայնության հակամարտությունը դադարեցնելու և բանակցություններ սկսելու վերաբերյալ, պայմանավորվածությունների կատարման արդյունավետ երաշխիքների բացակայությունը և ճնշման ու սպառնալիքների քաղաքականությանը վերադարձը կարող են դիվանագիտական գործընթացը տանել ձախողման»։