Վրաստանում վաճառվել է դեպի Հայաստան ինտերնետ առաքող օպտիկամանրաթելային մալուխը, որն անցում է Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Հայկական ոչ մի ընկերություն չի մասնակցել աճուրդին։ Հայաստան ինտերնետ մատակարարող «Fibernet» ընկերության մամուլի պատասխանատու Միքայել Բալայանը NEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց, որ «Fibernet»-ի ղեկավարությունը տեղյակ է եղել Վրաստանում մալուխի վաճառքի մասին, բայց նպատակահարմար չի գտել մասնակցել աճուրդին։ Հարցին, թե ինչն է նման դիրքորոշման պատճառ հանդիսացել, նա դժվարացել է պատասխանել։ «Պարզապես կարող եմ ասել, որ դա մեր ընկերության ղեկավարության դիրքորոշումն է այդ հարցում»,- նշեց ընկերության մամուլի պատասխանատուն։ Հայաստանում ինտերնետ մատակարարող խոշոր ընկերություններից է նաեւ «Արմենթելը», որի մամուլի պատասխանատու Անուշ Բեգլոյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ընկերությունը իր ներդրումային քաղաքականությունը հաստատում է տարեսկզբին։ «Աճուրդը փաստորեն տարեվերջին եղավ, եւ մենք առանձնապես դրանով չհետաքրքրվեցինք»,-ասաց Ա. Բեգլոյանը՝ ավելացնելով, որ ընկերության այս տարվա առաջնահերթություններից է կայանների թվայնացումը եւ սպասարկման կետերի ստեղծումը։

Հիշեցնենք, որ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը «Railway Telecom» ընկերությունը վաճառել է հոլանդական LinkTelecom Georgia-ին՝ այդպիսով նաեւ վաճառելով երկաթուղով անցնող օպտիկամանրաթելային մալուխը։ Հայկական ոչ մի ընկերություն աճուրդին չի մասնակցել։