Սեպտեմբերի 2-ի գիշերը ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել Օդեսային, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով՝ տուժել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Լիսակը ճշտել է, որ հարվածների հետևանքով ավերվել են 24-հարկանի բնակելի շենքի մի քանի հարկերի բնակարաններ։ Մոտակա տներում կոտրվել են պատուհանները։ Վնասվել են նաև երկու ուսումնական հաստատություն, գրասենյակային շենքեր և ավտոմեքենաներ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հավելել են, որ ռուսական հարվածը ամբողջությամբ ոչնչացրել է բենզալցակայանը, բացի այդ՝ ավերվել են մասնավոր ձեռնարկություն և ամառանոցային տուն։ Դեպքի վայրերում հրդեհներ են բռնկվել։

Գիշերային հարձակումից հետո Օդեսայում սպառողների մի մասը մնացել է առանց էլեկտրականության, հայտնել են ԴՏԷԿ ընկերությունից։ Այնտեղ ճշտել են, որ անջատումները ազդել են Պրիմորսկի, Խաջիբեյսկի և Պերեսիպսկի շրջանների վրա։ Դադարել է նաև էլեկտրատրանսպորտի աշխատանքը՝ տրամվայների և տրոլեյբուսների։ Ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել Օդեսային Քաղաքի օրը․ սեպտեմբերի 2-ին քաղաքը դարձավ 232 տարեկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Օդեսայում և մարզում «ուկրաինական նավահանգիստների գործունեությունն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի չորս օբյեկտների խոցման» մասին։ Գերատեսչության տվյալներով՝ նաև «Օդեսա» նավահանգստում հարվածներ են հասցվել «առանց անձնակազմի կատերների փորձնական արտադրության ձեռնարկությանը, Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով վեց պահեստարանների և ռազմատեխնիկական գույքի պահեստների»։

Օդեսայի մարզը ամեն օր ենթարկվում է հարձակումների օգոստոսի 29-ից, հետևում է ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի հաղորդագրություններից։ Ներկայիս տվյալների հաշվառմամբ՝ այդ ընթացքում շրջանում մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ տուժել։ Արդյունքում վնասվել են բնակելի տներ, «Նոր փոստի» տերմինալը, կարի արտադրամաս, մթերային պահեստներ և հացահատիկով բեռնատարներ։ Բացի այդ, սեպտեմբերի 1-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ռումինիայի հետ սահմանին գտնվող «Օրլովկա» միջազգային լաստանավային անցակետին։