Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նկատմամբ՝ երկրի նախագահի հասցեին սոցիալական ցանցերում հնչեցված վիրավորանքների պատճառով։
Գործը հարուցվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Նախագահին վիրավորելը» հոդվածով։
Անկարայի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ որոշումն ընդունվել է սոցիալական ցանցերում հրապարակումների ուսումնասիրության արդյունքներով։
«Հետաքննությունը մանրակրկիտ շարունակվում է գործող օրենսդրության դրույթներին համապատասխան»,- ասվում է վերահսկող գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ահմեթ Դավութօղլուն թուրք քաղաքական գործիչ և նախկին դիվանագետ է։ 2009-ից 2014 թվականներին Դավութօղլուն ղեկավարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ 2014 թվականի օգոստոսին նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և կառավարությունը ղեկավարել մինչև 2016 թվականի մայիսը։




























