«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին արտառոց դեպք է եղել Երևանի թիվ 164 հիմնական դպրոցում։ Երբ առաջին դասարանցիները դասվարների ուղեկցությամբ, ծնողների հետ դուրս են եկել դպրոցի բակ, դպրոցի բակ են մտել մի երտասարդ տղամարդ և կին, որոնք առաջին դասարանցիներին նվիրել են փուչիկներ, փոքր Աստվածաշունչներ և Աստվածաշնչի թեմաներով գծանկարներով գունավորման ալբոմներ։ Դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով փոխտնօրենը շտապել է դպրոցի բակ եւ միջամտել։

Առաջին դասարանցիների մեկի հայրը կոշտ վեճ է ունեցել այդ երկու անձի հետ, որոնք ինչ որ կրոնական կազմակերպության անդամներ են եղել եւ նրանց դպրոցի տարածքից դուրս են հանել։ Ծնողները դժգոհել են, որ աղանդավորները հասել են առաջին դասարանի երեխաներին:

Ընդամենը 5-6 օր առաջ թիվ 164 դպրոցի տնօրեն նշանակված Գոհար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ մի քանի ծնող այդ ժամանակ անուշադիր են եղել թույլ տալով, որ իրենց երեխաներին այդպիսի նվերներ տան։ Նա հայտնեց, որ ուժեղացրել է դպրոցի տարածքի պահպանությունը։ Դպրոցից նաեւ դիմել են ոստիկանություն, սեպտեմբերի 4-ին դպրոցում սպասվում է ոստիկանի այց այդ դեպքի կապակցությամբ եւ լինելու է ծնողական ժողով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում