Նեպալի հյուսիսում գտնվող երկու շրջանների՝ Ռասուվայի և Նուվակոտի, որոնք ամենից շատ են տուժել հզոր սողանքից և ավերիչ ջրհեղեղից, շուրջ 600 դպրոցական համարվում է անհետ կորած։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Kathmandu Post թերթը։

Տարերքի հարվածի հետևանքով այնտեղ օգոստոսի 26-ի առավոտյան ամբողջությամբ ավերվել է 12 դպրոց, ևս 10 ուսումնական հաստատություն լրջորեն տուժել է։ Անհետ կորածների ցուցակում են նաև այդ դպրոցների 22 ուսուցիչներ և աշխատակիցներ։ Նուվակոտի կրթության զարգացման և համակարգման բաժնի ղեկավար Սուրյա Բահադուր Խատրին նշել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ նրանց որոնելու համար, սակայն որոնողական աշխատանքները դժվարանում են նաև կապի խնդիրների պատճառով։

Ինչպես հայտնել է Բիդուր մունիցիպալիտետի կրթության բաժնի դպրոցական տեսուչ Նավարաջ Սապկոտան, «իրավիճակը տեղերում ծայրահեղ մտահոգիչ է»։ «Որոշ դեպքերում մենք գտել ենք փրկված ծնողների, որոնք չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, այլ դեպքերում փրկված աշակերտները փնտրում են անհետ կորած ծնողներին», - ասել է Սապկոտան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ), Նեպալում առնվազն 22 հազար երեխա տառապում է մաքուր խմելու ջրի պակասից։ Նրանք նաև շտապ կարիք ունեն պատշաճ սանիտարական պայմանների և հիգիենայի ապահովման։ Հիմալայական երկրում ջրամատակարարման համակարգերը և սանիտարական ենթակառուցվածքի օբյեկտները վնասվել կամ ավերվել են։

Օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում առաջացել է հզոր վարարում։ Տարերային աղետի պատճառը դարձել է Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, ձնահյուսի իջնելը։ Լեռնային ապարների հոսքը հսկայական արագությամբ գետի հունով անցել է ավելի քան 70 կմ՝ ավերելով բնակավայրերը և ջրածածկելով մեծ տարածք։ Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ, իսկ ավելի քան 4,5 հազարը համարվում են անհետ կորած։