Իսպանիայի դատախազությունը կարծում է, որ Ազգային դատական պալատը իրավասու է հետաքննել հուլիսի 30-ին և 31-ին միգրանտների զանգվածային անցումը Մարոկկոյից Սեուտա, հաղորդում է EFE-ն։

Համապատասխան եզրակացությունը ներկայացվել է դատավոր Մարիա Տարդոնին, որը պետք է որոշի՝ բացել արդյոք քրեական գործ։

Դատախազությունը տեղի ունեցածում տեսնում է անօրինական միգրացիային նպաստելու, անզգուշությամբ սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ հանցավոր խմբին մասնակցելու հնարավոր հատկանիշներ։ Բացի այդ, քննությունը պետք է պարզի, թե արդյոք կարող էին տեղի ունենալ հանցագործություններ հասարակական կարգի կամ պետության կոլեկտիվ շահերի դեմ։

Դատախազության կարծիքով, գործողության նախապատրաստման զգալի մասը՝ մարդկանց մոբիլիզացումը, լոգիստիկ համակարգումը, համացանցում տեղեկատվության տարածումը և հնարավոր ռազմավարական ղեկավարումը, կարող էր իրականացվել Մարոկկոյի տարածքում։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի անմիջական իրականացումն ու հիմնական հետևանքները բաժին են ընկել Իսպանիայի տարածքին։

Դատախազությունը նաև խնդրել է դատավորին գործի նյութերը մասնակիորեն գաղտնիացնել՝ հղում անելով բացառիկ հանգամանքներին և ենթադրյալ հանցագործությունների բարդ ու կազմակերպված բնույթին։

Տարդոնն արդեն ստացել է ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի եզրակացությունները։ Մասնավորապես, ոստիկանությունը զանգվածային անցումը բնութագրել է որպես պլանավորված գործողություն, այլ ոչ թե տարերային իրադարձություն․ նրա զեկույցում նաև հիշատակվել է մարոկկոյական անվտանգության ուժերի աշխատակիցների հնարավոր առնչվածությունն ու մարդկանց հոսքերը դեպի սահման ուղղելուն միտված նրանց գործողությունները։