Սեպտեմբերի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեներից մեկում հարևանը հարվածել է հարևանին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 33-ամյա Մերի Հ․-ն մատնացույց է արել Երևանի բնակիչ 50-ամյա Վրեժ Մ․-ին, որ վերջինս իրեն ապտակել է, ով նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։ Այն պահին, երբ կինը պատրաստվելիս է եղել տանից դուրս գալ և գնալ ոստիկանության Մարաշի բաժին, նշված վայր է մոտեցել կիսամերկ, ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի քաղաքացի, ով ներկայացել է որպես տեղի բնակիչ և տարածքի սեփականատեր։

Դրանից հետո նա սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, իրեն վեր դասելով հասարակությունից, սկսել է բղավել, իսկ համայնքային ոստիկանին ցանկացել է հարվածել, սակայն չի հաջողվել։

Դրանից հետո համայնքային ոստիկանը փորձել է վերջինիս կարգի հրավիրել և ձերբակալել, սակայն նշված միջադեպին միացել է ևս մեկ քաղաքացի, որը սկսել է խոչընդոտել համայնքային ոստիկանի օրինական գործողություններին։

Տևական ժամանակ բղավելով՝ նրանք կոպտորեն խախտել են հասարակական կարգը, քաշքշել համայնքային ոստիկանի ձեռքը, որից հետո նշված վայր են մոտեցել բաժնի մյուս ծառայողները և վերջիններիս խուլիգանության հիմնավոր կասկածով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։

Այնտեղ պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիները Երևանի բնակիչներ են 67-ամյա Խաչատուր Մ․-ն և 33-ամյա Աղվան Մ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։