Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են առաջիկա շաբաթներին նոր հանդիպում անցկացնել՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Առաջիկա շաբաթներին», — ասել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին։

Ըստ Ռյաբկովի, նմանատիպ խորհրդակցությունները ձեռք են բերել բավականին կանոնավոր բնույթ։ Նա նշել է, որ Մոսկվան այս ձևաչափը օգտակար է համարում, թեև բովանդակային հարցերով առաջընթացն ավելի դանդաղ է, քան կցանկանար ռուսաստանյան կողմը։

«Բովանդակային տեսանկյունից առաջընթացի տեմպը ցանկալիից և սպասվածից ցածր է։ Այդուհանդերձ, մենք դրանից չենք հրաժարվում, շարունակելու ենք առաջ շարժվել», — ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը։

Հունիսի վերջին Ռյաբկովը հայտնել էր, որ փոխադարձ «գրգռիչների» վերացման շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը փաստացի գտնվում է լճացման վիճակում, սակայն չէր բացառել մինչև ամառվա վերջ նոր փորձագիտական խորհրդակցությունների անցկացումը։ Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այս հարցի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի հաջորդ շփման ժամկետները մշակման փուլում են։

«Գրգռիչներ» ասելով՝ կողմերը նկատի ունեն երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների ամբողջությունը, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի և ռուսաստանցի ու ամերիկացի դիվանագետների գործունեության պայմանների հետ կապված հարցերը։ Նման խորհրդակցություններ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անցկացվել են նաև նախկինում։