Հունգարիայի դատախազությունը պահանջել է կասեցնել երկրի վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը՝ հեռախոսի գողության գործով վերսկսված քննության շրջանակում, հայտնում է Index-ը։

Քննությունը վերաբերում է 2024 թվականի հունիսի 21-ի գիշերը Բուդապեշտի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Դատախազության վարկածով՝ Մադյարը ընդհարվել է իրեն բջջային հեռախոսով նկարահանող ոմն տղամարդու հետ։ Ինչպես պնդում է քննությունը, վեճի ընթացքում քաղաքական գործիչը վերցրել է տղամարդու հեռախոսը և դրել գրպանը։

Դատախազությունը հայտարարում է, որ հեռախոսը վերադարձնելու բազմակի հորդորներին Մադյարը չի արձագանքել և հերքել է, թե սարքն իր մոտ է։ Այն բանից հետո, երբ նա լքել է ակումբը, տղամարդը և այլ մարդիկ հետևել են նրան։ Դատախազության վարկածով՝ Մադյարը մոտեցել է անմիջապես Դանուբի ափին և դիտավորությամբ նետել հեռախոսը գետը։ Հենց այդ հանգամանքներն էլ հիմք են դարձել գողության կասկածով քննություն սկսելու համար։

Միջադեպի պահին Մադյարը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր էր և ուներ համապատասխան անձեռնմխելիություն։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հունգարիայի գլխավոր դատախազը դիմել էր Եվրախորհրդարան՝ խնդրելով զրկել նրան անձեռնմխելիությունից։ Եվրախորհրդարանը մերժել էր այդ միջնորդությունը, ինչից հետո Կենտրոնական քննչական դատախազությունը դադարեցրել էր վարույթը։

Մադյարի մանդատը Եվրախորհրդարանում և դրա հիման վրա ունեցած անձեռնմխելիությունը դադարել են 2026 թվականի մայիսի 8-ին։ Հաջորդ օրը նա ընտրվել է Հունգարիայի վարչապետ և ստացել Ազգային ժողովի պատգամավորի մանդատ։ Այսպիսով, այժմ նա արդեն ունի պատգամավորական անձեռնմխելիություն՝ որպես Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր։

Եվրախորհրդարանում նրա մանդատի դադարեցումից հետո քննությունը վերսկսվել է։ Այժմ գլխավոր դատախազի պարտականությունները կատարողը դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով կասեցնել Մադյարի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Դատախազության տվյալներով՝ միայն դրա վերացումից հետո կարող է շարունակվել գործող պատգամավորի նկատմամբ քրեական վարույթը և գործի հանգամանքների հետագա պարզումը։

Ինքը՝ Մադյարը, ավելի վաղ տեղի ունեցածի այլ վարկած էր ներկայացրել։ 2024 թվականի հունիսի 21-ի հայտարարության մեջ նա իրեն նկարահանող տղամարդուն «վարձու սադրիչ» էր անվանել և պնդել, որ վերջինս միտումնավոր փորձում էր բախում սադրել։

Մադյարն ընդունել էր, որ վերցրել է տղամարդու հեռախոսը, սակայն դա բացատրել էր նրանով, որ վերջինս վիրավորում էր իրեն, առանց նրանց համաձայնության նկարահանում էր ակումբի այցելուներին և շոշափում էր իր ընտանիքի թեման։ Ըստ քաղաքական գործչի՝ դրանից հետո տղամարդը սկսել էր հրել և ֆիզիկապես սպառնալ իրեն ու իր հետ գտնվող մյուս մարդկանց։ Մադյարը պնդել էր նաև, որ իրեն փողոցում հետապնդել են ավելի քան 30 րոպե։

«Ես մարդ եմ, սխալվել եմ»,- գրել էր Մադյարը՝ ներողություն խնդրելով նրանցից, ում տեղի ունեցածը կարող էր վիրավորել։ Նա հայտարարել էր նաև, որ կառավարամետ լրատվամիջոցների տարածած վարկածը չի համապատասխանում իրականությանը։

Նույն օրը Հունգարիայի դատախազությունը հայտնել էր ևս երկու պատգամավորների՝ մշակույթի և նորարարությունների նախարար Բալաժ Հանկոյի և KDNP կուսակցությունից պատգամավոր Միկլոշ Շեշտակի պատգամավորական անձեռնմխելիությունը կասեցնելու միջնորդությունների մասին։ Նրանց գործերը կապված են այլ քննությունների հետ։